Հայտնի հայերը-Վիկտոր Համբարձումյան
Վիկտոր Համբարձումյան
Ծննդյան ամսաթիվ: 05/9/1908
Մահվան ամսաթիվ: 12/8/1996
Հայ հայտնի աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հինադիրներից մեկը։ Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, աստղային աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներին։ Վիկտոր Համբարձումյանը հեղինակն է սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի։ Գիտական և հասարակական գործունեության համար պարգևատրվել Խորհրդային և արտասահմանյան մեդալներով: Ընտրվել է հեղինակավոր բազմաթիվ ակադեմիաների և համալսարանների պատվավոր անդամ: Հիմնադիրել է Բյուրականի աստղադիտարանը: Վ. Համբարձումյանը ծնվել է հայկական ընտանիքում Թիֆլիզում 1908 թ. սեպտեմբերի 5(18)-ին։
Հայրը՝ Համազասպ Ասատուրի Համբարձումյանը եղել է բանասեր, բանաստեղծ, Հոմերոսի Իլիականի և Ոդիսականի թարգմանիչ դասական հունարենից արևելահայ աշխարհաբարի։
1924 թ. Վիկտորն ընդունվել է Լենինգրադի Մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը և մեկ տարի անց տեղափոխվել Լենինգրադի Պետական համալսարան։
1926 թ., տակավին ուսանող, նա հրատարակել է իր առաջին գիտական հոդվածը՝ նվիրված արեգակնային ջահերին։ Համալսարանն ավարտելուց հետո 1928-1931-ը Վ. Համբարձումյանն ուսանել է Պուլկովոյի աստղադիտարանի ասպիրանտուրայում Ա. Ա. Բելոպոլսկու ղեկավարությամբ։
1930 թ. ամուսնացել է Վերա Ֆյոդորովնա Համբարձումյանի հետ (ծնյալ՝ Կլոչիխինա, ծնունդով՝ Պերմի նահանգի Սոլիկամսկի գավառի Լիսվա գյուղից)։
1934 թ., Լենինգրադի Համալսարանում չորս տարի աշխատելուց հետո, Վ. Համբարձումյանը հիմնադրում և ղեկավարում է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը։
1934-1941 թթ. Վ. Համբարձումյանը եղել է Լենինգրադի Համալսարանի աստղադիտարանի տնօրենը։
1939 թ. Վ. Համբարձումյանը ընտրվում է ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ, իսկ 1953 թ.՝ իսկական անդամ։
Վիկտոր Համբարձումյանի պատկերով ՀՀ թղթադրամ (շրջանառությունից հանված է)
Հայրենական Մեծ պատերազմի սկզբում Վ. Համբարձումյանը զբաղեցնում էր Լենինգրադի Համալսարանի գիտական պրոռեկտորի պաշտոնը։ Պատերազմի ամենասկզբում Համալսարանի գիտական աշխատանոցները տարհանվում են ռազմաճակատից հեռու Ելաբուգա քաղաքը Թաթարստանում, ուր Համբարձումյանը անց է կացնում չորս տարի՝ ղեկավարելով Համալսարանի գիտական մասնաճյուղը։
Պատերազմի ամենածանր փուլում՝ 1943-ին հիմնադրվում է Հայկական ԽՍՀ Գիտություններ Ակադեմիան։ Հավանաբար դա արվել էր իբրև շնորհակալություն Հայաստանին՝ պատերազմի տարիներին ցուցաբերած հավատարմության համար։ Հ. Ա. Օրբելին դառնում է Ակադեմիայի նախագահ, իսկ Վ. Համբարձումյանը ընտրվում է փոխնախագահ։
1947 թ. Վ. Համբարձումյանը ընտրվում է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի նախագահ և ապա վերընտրվում է այդ պաշտոնում ընդհուպ մինչև 1993 թ., որից հետո դառնում է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի պատվավոր նախագահ։
1946 թ. Համբարձումյանը հիմնադրում է Բյուրականի աստղադիտարանը, որի անփոփոխ տնօրենն է լինում ընդհուպ մինչև 1988 թ.։
1961-1964 թթ. Վ. Համբարձումյանը եղել է Միջազգային Աստղագիտական Միության նախագահ։ Երկու անգամ (1968-1970 և 1970-1972 թթ.) ընտրվել է Գիտական Միությունների Միջազգային Խորհրդի նախագահ։
Վ. Հ. Համբարձումյանը վախճանվել է 1996 թ. օգոստոսի 12-ին Բյուրականում։
Թաղված է Բյուրականում Մեծ Աստղադիտակից ոչ հեռու աստղադիտարանի գերեզմանատանը։