Հայտնի հայերը-Մհեր Մկրտչյան
Մհեր Մուշեղի Մկրտչյանը (Հուլիս 4, 1930 - Դեկտեմբեր 29, 1993) - նշանավոր հայ դերասան է, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու։
Կենսագրություն
Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։
Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թթ-ին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր'ցուցաբերելով իր տարիքին չհամապատասխանող վարպետություն։
1953 թ․-ին նա տեղափոխվեց Սունդուկյանի անվան թատրոն,սովորում էր գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար' Վ. Վաղարշյան)։
1959 թ․-ին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրեց նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։
Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինո արվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Զամբախով («Խաթաբալա») դերերում։
Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։
Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։
Մեջբերումներ Մհեր Մկրտչյանի մասին
Մհեր Մկրտչյանը, իրոք , ծնված է բեմի համար... Նա ունի խոշոր դերասանի բոլոր տվյալները...
Վարդան Աճեմյան
Ես լիովին հավատացած եմ, որ Մհերը դերասան է ծնվել։
Աշոտ Մալաքյան (Անրի Վերնոյ)
Մեծ է Մհեր Մկրտչյանի հմայքը։ Նա գիտե բեմում առինքնող գեղեցկությամբ երևալու գաղտնիքը' բնության մեծ պարգևը։
Գևորգ Աբաջյան
Գրականություն Մհեր Մկրտչյանի մասին
* Աբաջյան Գ. Եվ ծիծաղ և արցունք աչքերում։ (Մհեր Մկրտչյանի 60 - ամյակի առթիվ). - ֆիլմ, 1990, 20 օգոստոսի։
* Խաչատուր Ավագյան, Մհեր Մկրտչյան, Ե. Հայկական թատերական ընկերություն, 1970, 16 էջ։
* Ավագյան Խ. Մհեր Մկրտչյանի ուրախ - խոհուն արվեստը. Սովետ. Հայաստան, 1984, 6 մարտի։
* Գալոյան Ս. Սիրո սահմանները անեզրական են։ (Մհեր Մկրտչյանի 60 - ամյակի առթիվ). - Լրագիր, 1994, 5 հուլիսի։
* Հովհաննիսյան Թ. Մհեր Մկրտչյանի հետ մահու կենսագրություն. - Երկիր Նաիրի, 1994, 25 մարտի։
* Հովհաննիսյան Հ. Ողբերգակատակերգական Մհեր Մկրտչյանը. Երկիր, 1992, 17 հունիսի։
* Մարտունի Հ. Այս ուրախ - տխուր մարդը։ [Մհեր Մկրտչյանի 60 - ամյակը]. - Էկրան, N 7,1990, էջ 4 - 7։
* Նշանավոր դառնում ես աշխատանքիդ շնորհիվ։ [Մհեր Մկրտչյանի մասին]. - Գրական թերթ, 1984, 22 հունիսի։
* Չերնենկո Մ. Փոստատար Նիկոլի ծանր աշխատանքը. - Հայրենիքի ձայն, 1983, 6ապրիլի։